Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անցնող շաբաթ ֆեյսբուքյան իր էջում նախաձեռնեց երևանցիների հետ հարցուպատասխան։ Մեկ օրվա ընթացքում քաղաքապետի ֆեյսբուքյան էջում ստացվել է մոտ 150 հարց քաղաքային տարբեր թեմաներիի շուրջ։ Հանգստյան օրերին քաղաքապետը պատասխանել է դրանց։
Հարցերի մի հատված վերաբերում է քաղաքի տրանսպորտային միջոցներին։ Մասնավորապես, հարցերից մեկում ասվում է. «Երեկոյան 20.00-ից հետո քաղաքում տրանսպորտի հարցը մնում է չլուծված: Երթուղային կոչված փոխադրամիջոցներում մարդիկ ծռված են վերադառնում տուն: Ավտոբուսները չքվում են, տրոլեյբուսներն էլ՝ «գնում են պարկ»: Չեմ կարծում, որ տրանսպորտի աշխատանքը քաղաքում բավարար համարեք: Այնուամենայնիվ. ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, և ի՞նչ ժամկետներում կարող ենք տեսնել շոշափելի արդյունքը»:
Այս մտահոգությանը Տարոն Մարգարյանը պատասխանել է. «Քաղաքային տրանսպորտը ոչ թե մասնակի փոփոխությունների կամ վերանայումների, այլ համալիր փոփոխությունների անհրաժեշտություն ունի, և այս հարցը մեր օրակարգում է։ Առաջիկայում սպասվում է տրանսպորտի հիմանահարցի կարգավորման հայեցակարգի ու մոտեցումների մշակում, ինչը, պատրաստ լինելու դեպքում, կներկայացվի հանրությանը: Մոտեցումները ներառում են վճարման միասնական համակարգի ներմուծում քաղաքային բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար, տրանսպորտի հստակ գործող չվացուցակ և «ջի-փի-էս» համակարգերով համալրված ավտոբուսներ, քաղաքացիների սպասարկման կանոնակարգեր և այլ մոտեցումներ, ինչը երևանյան ներքաղաքային տրանսպորտի վիճակը կբարձրացնի միջազգային մակարդակի»:
ՖԲ նույն օգտատերի առաջարկին՝ մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը մետրոպոլիտենի աշխատանքը մեկ ժամով երկարաձգել, ինչը թույլ կտա քաղաքացիներին և քաղաքի հյուրերին ավելի երկար ժամանակ գտնվել այգիներում, սրճարաններում, ժամանցի այլ վայրերում՝ իմանալով, որ մետրոն բաց է, քաղաքապետը հավաստիացրել է՝ մասնագետները կուսումնասիրեն հնարավոր ուղևորահոսքի ծավալն ու առաջարկի արդյունավետությունը: